ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կլոր սեղան «Ազատություն» ռադիոկայանում

09.04.2010

Ապրիլի 9-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում հանդիպեց գիտության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Կլոր սեղանի մյուս մասնակիցներն էին դասախոս, Ակադեմիական օժանդակության հայկական ասոցիացիայի /Armacad/ հիմնադիր նախագահ Խաչիկ Գեւորգյանը եւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը:


Կլոր սեղանի թեման գիտության ոլորտում երիտասարդությանը վերաբերող հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն էին:


Հասարակական կազմակերպությունների ղեկավարները կոմիտեի նախագահին երիտասարդությանն այսօր  հուզող հարցեր տվեցին՝ ֆինանսավորում, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելիս կոռուպցիոն ռիսկերի առկայություն, ցածր աշխատավարձեր եւ այլն:

 

Պարոն Հարությունյանը մանրամասնորեն ներկայացրեց կոմիտեի կողմից գիտության երիտասարդացմանն ուղղված միջոցառումները. մասնավորապես՝ խոսեց գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի մասին, հայտնեց, որ 2009 թվականին կոմիտեն,  ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը եւ Գիտությունների եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը համատեղ իրականացրել են երիտասարդ գիտնականների աջակցության մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորվել է 26 գիտական ծրագիր: Կոմիտեի նախագահը նշեց նաեւ, որ կոմիտեի աջակցությամբ այս երկու եւ կես տարիների ընթացքում կազմակերպվել են ամառային երիտասարդական դպրոցներ, գումարներ են հատկացվել երիտասարդ գիտնականների գործուղումների համար: Ինչ վերաբերում է դրամաշնորհային ծրագրերի ժամանակ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ապա կոմիտեի նախագահը նշեց, որ ներդրվել է գիտական անկախ փորձաքննության համակարգ, որն արդյունավետությամբ աշխատել է թե՛ երիտասարդ գիտնականների համար հայտարարված մրցույթի եւ թե՛ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ հայտարարած մրցութային հայտերի գնահատման ժամանակ:

 

Կոմիտեի նախագահն առաջարկեց հասարակական կազմակերպությունների ղեկավարներին առավել ակտիվ լինել եւ սերտորեն համագործակցել Գիտության պետական կոմիտեի հետ՝ գիտության զարգացմանն ուղղված իրենց առաջարկները ներկայացնելով կոմիտեի աշխատակազմ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին