ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համաձայնագիր՝ հիմնարար հետազոտություների ոլորտում

10.05.2010

Մայիսի 7-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի նախագահ Վ. Պանչենկոն ստորագրել են համաձայնագիր՝ Կոմիտեի եւ Հիմնադրամի համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրի առարկան ՀՀ եւ ՌԴ գիտական խմբերի եւ հետազոտողների միջեւ համագործակցության զարգացումն է, որի նպատակը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում  ծրագրերին աջակցելն է:

 

Ըստ համաձայնագրի՝ կողմերը կանցկացնեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր, գիտաժողովներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ, կփոխանակեն բնագավառում առկա տեղեկատվությունը, կանցկացնեն մրցույթներ հայ եւ ռուս գիտնականների, գիտական խմբերի ու կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Համաձայնագրում ընդգրկված են  նաեւ  կետեր գիտական ծրագրերի փորձաքննության, մտավոր սեփականության պաշտպանության, գիտական արդյունքների հրատարակման  վերաբերյալ:

 

«Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ  Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի միջեւ  համագործակցության մասին» համաձայնագրի համար հիմք է հանդիսացել 1993 թ. հունվարի 11-ին ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված  գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը:

 

Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին