ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության ոլորտի ռազմավարության ծրագրի քննարկումները շարունակվում են

21.08.2009

Օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ հերթական քննարկումը Հայաստանում  գիտության ոլորտի զարգացման 2010-2020 թթ. ռազմավարության ծրագրի շուրջ: Այդ նպատակով կոմիտե էին այցելել ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, փոխնախարար Ա. Ավետիսյանը, ՀՀ այլ նախարարությունների եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը նշեց, որ չնայած փաստաթղթի մշակման համար ստեղծվել էր հանձնաժողով, որում ընդգրկվել էին շահագրգիռ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, փաստաթղթի վերջնական մշակման համար կարեւորվում են նման քննարկումները: Նա ընդհանուր գծերով ներկայացրեց ծրագիրը, այնուհետեւ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Վ. Սահակյանը, ում ղեկավարությամբ կոմիտեում մշակվել է  նշված  ռազմավարության ծրագիրը, մանրամասնորեն ներկայացրեց ծրագրում ընդգրկված հիմնական 8 թիրախները, եւ դրանց հասնելու մարտավարությունը:

 

Ներկայացված ռազմավարության ծրագրի շուրջ քննարկումները բավականին բուռն էին եւ բազմաբնույթ, մասնավորապես՝ դիտողություններ եղան փաստաթղթում օգտագործված տերմինների հստակեցման եւ բերված թվային տվյալներին կից որոշակի վերլուծության ներկայացման անհրաժեշտության, նման ծրագրեր ֆինանսավորելու՝ պետբյուջեի սահմանափակ հնարավորությունների հետ կապված:

 

Հանդիպման վերջում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրկին հիշեցրեց, որ Հայաստանում  գիտության ոլորտի զարգացման 2010-2020 թթ. ռազմավարության ծրագրի ընդունումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2009 թ. միջոցառումների ցանկում եւ անհրաժեշտ է բոլոր կարծիքների համադրման սկզբունքով լրամշակել այն՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում կառավարությանը ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, փաստաթղթի շուրջ դեռեւս բազմաթիվ վիճահարույց հարցեր մնացին, որոնք քննարկելու համար առաջիկայում նոր հանդիպումներ կկազմակերպվեն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին