ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հանրային քննարկման է դրվել գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

31.03.2022

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի17-րդ հոդվածից, որն ամրագրում է ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը: Վերջինիս նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:

 

Ատեստավորման գործընթացն այժմ կատարվում է ՀՀ կառավարության 2001 թ. հաստատված կարգով և գնահատման չափանիշներով: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմաններ ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝  հաշվի առնելով բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես, որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի N 747-Լ որոշումը:

 

Որոշման նախագծով առաջարկվող՝  ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշները մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին:

 

Ըստ նախագծի՝ միջազգային գիտական համագործակցության խթանման նպատակով, որպես նոր չափանիշ, գիտական աշխատողի, ավագ գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի և գլխավոր գիտական աշխատողի  տարակարգերի համար պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն:  Առաջատար և գլխավոր  գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվում  է  նաև 50 000 և 100 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝  ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրեր ղեկավարելու փորձ: Առաջատար և գլխավոր գիտական աշխատողներից կպահանջվի նաև ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր և համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, միջազգային հետազոտական տիրույթում իր կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

 

Գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:  

 

Որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող, հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությանը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

 

Նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 15-ը ներառյալ` «Հանրային քննարկումներ» բաժնում  կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4176/, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

 

Նախագծի վերաբերյալ կկազմակերպվի նաև հանրային լսում, որը նախատեսված է ս.թ. ապրիլի 15-ին, ժամը 14:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ):