ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հայ գիտնականներին հասանելի կլինեն ևս երեք տարով

29.11.2022

2022 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև ստորագրվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանի գիտնականները մինչև 2025 թ. հոկտեմբերի 7-ը հնարավորություն ունեն օգտվելու քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից:

ՀՀ գիտնականները հարթակին հասանելիություն էին ստացել դեռևս 2021 թ. հոկտեմբերից՝ մեկ տարով: Անցած տարվա ընթացքում հայ մասնագետներին որոնման համար հասանելի էր դարձել մեծաքանակ ու որակյալ գիտական գրականություն, որը սովորական որոնողական համակարգերով հասանելի չէր: Տարբեր գիտական խնդիրներ լուծելու համար հարթակից օգտվում են գիտական և կրթական հաստատությունների ավելի քան 400 մասնագետներ՝ հիմնականում քիմիկոսներ, կենսաքիմիկոսներ և դեղագետներ: Հաշվի առնելով գիտական հանրության արձագանքը՝ որոշվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրությունը երկարացնել ևս երեք տարով:

Շտեմարանները պարունակում են ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին տեղեկատվություն: Հարթակը նաև օժտված է առաջադեմ գործիքակազմով, որի օգնությամբ հնարավոր է ստանալ որոշակի կանխատեսումներ և առաջարկներ հետազոտվող նյութի վերաբերյալ:

Շտեմարաններին հասանելիությունը բաց կլինի ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում: