ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՕՖ-ը դրամաշնորհներ է հանձնել 27 գիտական խմբի

26.05.2022

Մայիսի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)  կողմից  դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողություն:

2001 թվականից սկսած Հայ օգնության ֆոնդը կազմակերպում է դրամաշնորհային մրցույթներ, որի արդյունքում 5000 դոլարին համարժեք դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանում գործող գիտական խմբերին՝ տարբեր ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար: Դրամաշնորհները տրվում են ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

Այս տարի մրցույթին ներկայացվել է 139 գիտական հայտ, որից հաղթող է ճանաչել 27-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 88 է։

Հետազոտությունները գիտության տարբեր ոլորտներից են՝ 13-ը՝ կենսաբանության, 7 -ը՝ քիմիայի, 2-ական՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության։

Ընդհանուր առմամբ անցած 22 տարիների ընթացքում ՀՕՖ-ից 2 մլն 835 հազար դոլարի դրամաշնորհ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2100 գիտնական:

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ այս տարի լրացուցիչ 2 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին։