ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով. «Բարդության էվոլյուցիան վիճակագրական ֆիզիկայի տեսանկյունից»

24.06.2022

Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ «Բարդության էվոլյուցիան վիճակագրական ֆիզիկայի տեսանկյունից» խորագրով, որին մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ գիտնականներ:

 

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան նման թեմատիկայով գիտաժողով կազմակերպում է երկրորդ անգամ:  Քննարկումների առանցքում լինելու են մարդկությանը վաղուց հուզող հիմնարար գիտության հարցեր՝ ինչո՞ւ է առաջացել կյանքը, ինչո՞ւ է այն զարգացել, ի՞նչ պայմանների դեպքում կարող է անվերջ զարգանալ: Գիտաժողովը նպատակ ունի նաև Հայաստանում զարգացնելու արհեստական բանականության ուղղությամբ հետազոտությունները:

 

Գիտաժողովի շրջանակում հուլիսի 1-ին տեղի է ունենալու գիտության կազմակերպման հարցերով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու են Արտեմ Օգանովը, Ֆելիքս Ահարոնյանը, Մաթթեո Մարսիլին, Անդրեաս Պիկան, Յանիիր Բար Յամը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ՏՏ կազմակերպությունների ղեկավարներ, ներդրողներ և այլն:

 

Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Միջոցառմանը առցանց մասնակցելու համար գրանցվել և լրացուցիչ տեղեկություններ ստանալ կարելի է http://ecspp.yerphi.am հղումով:

 

Գիտաժողովի ծրագիրը

Կլոր սեղանի ծրագիրը