ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նոր գիտական հարթակ՝ Հորիզոն-2020 ծրագրի շրջանակներում

23.04.2020

Հարգելի՛ գործընկերներ,
SARS-COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված համավարակն ի թիվս այլ խնդիրների առաջ է քաշել նաև մի շարք գիտական խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման գրավականը միջազգային գիտական հանրության ջանքերի մեկտեղումն է: Այս նպատակով Եվրոպական Միության Հորիզոն-2020 ծրագրի շրջանակներում բացվել է նշված խնդիրների լուծմանն աջակցության միասնական հարթակ (European Research Area Corona platform).

Հետազոտական ուղղությունները վերաբերում են հետևյալ չորս հիմնական ոլորտներին.
1. Հանրային առողջության և համաճարակաբանական իրավիճակի բարելավում, ներառյալ՝ բռնկումների նկատմամբ պատրաստվածությունը և արձագանքը:
Ծրագրերը նպատակուղղված են մշտադիտարկման առավել արդյունավետ համակարգերի ձևավորմանը` վիրուսի տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով, ինչպես նաև նպաստելու են սոցիալական դինամիկայի գնահատմանը:
2. Խնամքի վայրում արագ ախտորոշման թեստերի մշակում:
Ծրագրերը նպատակաուղղված են «առաջնագծում» աշխատող բուժանձնակազմին արագ և արդյունավետ ախտորոշման համակարգերով ապահովելուն, ինչը վիրուսի լայն տարածման ռիսկը նվազեցնելու հնարավորություն կտա:
3. Բուժման նոր մեթոդներ:
Ծրագրերն իրականացվում են երկու ենթախմբերում.
• Առաջին` արդեն ուսումնասիրության փուլում գտնվող բուժման նոր միջոցների մշակման խթանում (ներառյալ թերապևտիկ պեպտիդները, մոնոկլոնալ հակամարմինները և լայն ազդեցության հակավիրուսային դեղամիջոցները):
• Երկրորդ` վիրուսի վրա ազդեցություն ունեցող մոլեկուլների հայտնաբերում` մոդելավորման և հաշվողական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ:
4. Նոր պատվաստանյութերի մշակում:
Ծրագրերը կենտրոնացված են լինելու կանխարգելիչ և թերապևտիկ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ, որոնք կիրառվելու են, համապատասխանաբար, կանխարգելման և բուժման նպատակներով:
Հարթակում տեղադրված են մի շարք հետազոտական թեմաների մասնակցության հրավերները:

Ծանոթություն 
Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական Միության գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման Հորիզոն-2020 ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ-պետություն, և ՀՀ գիտական համայնքի ներկայացուցիչները լիարժեք հնարավորություն ունեն մասնակցելու և առաջարկելու հետազոտական ծրագրեր:
Մասնակցությանն աջակցելու նպատակով ստեղծված է Ազգային կոնտակտային անձանց ցանցը: