ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ցավակցական

18.11.2020

Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 18-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը:

Արմեն Թռչունյանը հեղինակ էր բազմաթիվ աշխատությունների, մենագրությունների և միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատանքների: Անգնահատելի է նրա վաստակը հատկապես երիտասարդ գիտական կադրերի պատրաստության գործում:  Դասավանդմանը զուգահեռ՝ նա 2001-2002 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԳՆ գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետի, 2002-2010 թթ.՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնները, եղել է բազմաթիվ գիտական խմբերի, ատենախոսությունների ղեկավար:

Արմեն Թռչունյանը ոչ միայն բազմավաստակ գիտնական էր և գիտության կազմակերպիչ, այլև` ընդգծված անհատականություն, որն իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գիտական հասարակության սերն ու հարգանքը:

Գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Արմեն Թռչունյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի վիշտը: