ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

18.10.2022

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերը ավարտին պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):

Մրցույթի նպատակներն են՝

 - աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,

 - աջակցել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը,

 - նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,

 - նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին,

 - խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,

 - նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը:

Ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներին:

Նախագծերի մշակման և իրականացման համար 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը ստանալու են մինչև 30 միլիոն ՀՀ դրամ՝ 24 ամսվա համար:  Նախագծերը կարող են շարունակվել ևս 12 ամսով, ինչի համար կտրամադրվի ևս մինչև 15 միլիոն ՀՀ դրամ:

Նախագծերը պետք է ունենան առնվազն  6 միլիոն ՀՀ դրամ համաֆինանսավորում ոչ պետական  կազմակերպության կողմից, վերջինս պետք է  հետաքրքրված լինի նախագծի վերջնարդյունքի կիրառությամբ:  

Հայտերն ընդունվում են grants.scs.am առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 210 140 (105):

Մրցույթի հրավերի փաթեթը