ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտության կոմիտեն կազմակերպում է երկու նոր մրցույթ

17.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հուլիսի 15-ի N 895-Ա/2 և 896-Ա/2 հրամանների համաձայն՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Գիտության կոմիտեն կազմակերպում է 2 նոր մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային և իրագործելի թեմաներին, որոնք կարող են լինել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով:

Թեմաները պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրով ֆինանսավորվող կազմակերպությունում:

 

Նոր մրցույթներից առաջինի՝ գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը: Խմբի ղեկավար կարող է լինել 1980 թ. հունվարի 1-ից հետո ծնված և 2013-17 թթ ընթացքում գիտական աստիճան ստացած, վերջին ամիսներին գիտական կազմակերպությունում կամ բուհում ղեկավար պաշտոն չզբաղեցնող և որոշակի գիտական անկախություն ունեցող անձը: Խումբը պետք է ունենա բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա գիտական խորհրդատու, որի հետ պետք է ապահովվեն փոխադարձ այցելություններ՝ գիտափորձեր, քննարկումներ, սեմինարներ և թեմային առնչվող այլ միջոցառումներ։ Թեմայի կատարման առնվազն երկրորդ տարում կազմակերպությունում պետք ձևավորվի նոր գիտական խումբ կամ լաբորատորիա (բաժին)՝ հիմնական հետազոտողի ղեկավարությամբ և խմբի անդամների ընդգրկմամբ։ Եթե հայտ ներկայացնելու պահին կազմակերպությունում արդեն գործում է գիտական խումբ, ապա նշված ժամանակահատվածում պետք է ձևավորվի գիտական լաբորատորիա կամ բաժին։ Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափն ընդունվել է մինչև 200 հազար ՀՀ դրամ։ Խորհրդատուի համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում:

 

Երկրորդ մրցույթի նպատակն է աջակցել արդեն գործող գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանը: Այս դեպքում խմբի ղեկավար կարող է լինել 1975 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձը, ով գիտական աստիճանը ստացել է 2008-2012 թթ. ընթացքում և 2020 թ. փետրվարի 1-ից մինչև մրցույթին դիմելու օրը գիտական կազմակերպությունում կամ բուհում զբաղեցնում է գիտական խմբի ղեկավարի պաշտոն, կամ գիտական աստիճանը ստացել է 2008-2017 թթ. ընթացքում և 2020 թ. փետրվարի 1-ից մինչև մրցույթին դիմելու օրը կազմակերպությունում զբաղեցնում է գիտական լաբորատորիայի (բաժնի) վարիչի պաշտոն։ Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր (collaborator), որի հետ պետք է ապահովվեն փոխադարձ այցելություններ, ինչպես նաև, թեմայի ավարտից հետո, նրա համահեղինակությամբ առնվազն մեկ հրապարակում։ Թեմայի կատարման արդյունքում, հրապարակումներից բացի, ակնկալվում է նաև 15 000.0 հազար ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում (submitted grant)։

 

Երկու մրցույթներում էլ որպես պարտադիր պայման խմբում ընդգրկվող մինչև 35 տարեկան կատարողի տարիքային շեմը կարող  է ավելանալ՝ ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ հավելյալ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով: Թեմայի ավարտից հետո խմբի անդամներից պահանջվում են տվյալ ծրագրի շրջանակներում հրապարակված, որոշակի չափանիշների բավարարող գիտական աշխատանքներ բարձր վարկանիշ ունեցող հրատարակություններում, իսկ նշված պայմանի չկատարելը կազդի հետագայում կոմիտեի հայտարարած մրցութային ծրագրերին խմբի անդամների կողմից ներկայացված գիտական թեմայի փորձագիտական գնահատականի վրա: Թեմայի իրականացման ընթացքում խմբի անդամները պետք է ապահովեն տվյալ բնագավառի վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծում և տարածում:

 

Մրցույթների հրավերներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հրավեր

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հրավեր

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. օգոստոսի 21-ն է: