ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

2022 թ. հունվարի 1-ից գիտաշխատողների բազային աշխատավարձն զգալիորեն կբարձրանա

13.05.2021

Մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել որոշման նախագիծը, որով փոփոխություններ են կատարվում Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում:

Նոր կարգով 2022 թ. հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպությունների գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ սահմանվել է 66 140 դրամը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է կարգի հավելվածով նախատեսված աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով: Նշված կարգավորումները կգործեն 2022 թ. հունվարի 1-ից այն կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել վերոնշյալ ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ: Իսկ 2022 թվականին կամ դրանից հետո կադրերի որակավորում իրականացրած կազմակերպությունների համար կարգավորումները կգործեն որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով: 2025 թվականից հետո կգործի   2025 թ. համար սահմանված գործակիցը:

Բացի վերոնշյալ կարգավորումներից՝ նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր 2021 թվականին գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում իրականացնելու համար, որը հնարավորություն կտա արտահերթ ատեստավորումն անցած գիտական կադրերին վարձատրվելու սույն նախագծով առաջարկվող բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:

Ակնկալվում է, որ բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

2010 թվականից գիտական աշխատողների աշխատավարձի ֆոնդի վերանայում չի իրականացվել, և գիտաշխատողների բազային պետական աշխատավարձը կազմում է միջինը  100 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Համեմատության համար նշենք, որ 2021 թ. պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ նախագծի ընդունումից հետո 2022-2025 թվականների համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ:

 

ՀՀ կառավարության նիստում որոշման նախագծի քննարկման տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=fEFYPYejCcw