ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Վախճանվել է Վասիլի Ցականովը

12.01.2021

Հունվարի 11-ին կյանքից անժամանակ հեռացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վասիլի Մկրտչի Ցականովը:

Վասիլի Ցականովը գիտական  գործունեությունն սկսել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 90-ականներին, որպես հրավիրված գիտնական, աշխատել է DESY կենտրոնում և Դարմշտատի Տեխնիկական համալսարանում (Գերմանիա), 2007-2012 թ.թ. ղեկավարել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնը, հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների: Վասիլի Ցականովի ավանդն անգնահատելի է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ստեղծման ու կայացման գործում. 2002 թ.-ին նրա գլխավորությամբ է մշակվել երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի հիման վրա ստեղծված ինստիտուտն արդեն դարձել է բարձր վարկանիշ և արտերկրի հեղինակավոր գիտական կենտրոնների հետ կապեր ունեցող գիտական կազմակերպություն, որտեղ իրենց գիտական ճանապարհն են սկսում բազմաթիվ շնորհալի երիտասարդներ: Վասիլի Ցականովի  մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում էր բազմաթիվ ուղղություններ՝  նոր արագացման մեթոդներ, կիլվատերային դաշտեր և կիլվատերային արագացում, փնջերի ֆիզիկան գծային արագացուցիչներում և կոլայդերներում, սինքրոտրոնային լույսի աղբյուրի ֆիզիկա, ազատ էլեկտրոնների վրա լազերներ և այլն:

2019 թվականին Վասիլի Ցականովին շնորհվել է ՀՀ  գիտության կոմիտեի Ոսկե մեդալ` արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար:

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Վասիլի Ցականովի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:

Վասիլի Ցականովի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 17.30-19.30-ը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), հրաժեշտի արարողությունը` նույն վայրից, հունվարի 14-ին, ժամը 13.00-ին: