ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության զարգացման հեռանկարները Հայաստանում

06.07.2009

Հուլիսի 3-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը «Փաստարկ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման թեման գիտության արդի եւ հեռանկարային խնդիրներն էին:


Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նա նշեց, որ ցանկացած գործունեություն ծավալելու եւ զարգացնելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ, իսկ հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորվող գիտությունը զարգացնելու համար անհրաժեշտ են նաեւ նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, միջազգային չափանիշներին համապատասխան կանոնակարգեր:

 

Այս առումով Գիտության պետական կոմիտեի կողմից արդեն որոշակի քայլեր արվել են: Ընդունվել են ՀՀ-ում գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները, որ ենթադրում է իրար կրկնող գիտական ծրագրերից եւ նմանատիպ գիտատեխնիկական գործունեությունից խուսափելու նպատակով գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների օպտիմիզացիա, գիտության ոլորտի ֆինանսավորման կարգերի հստակեցում, համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, բյուջետային հոդվածների համահունչ բաշխում, անկախ փորձագիտական համարգի ներդրում, գիտության երիտասարդացման ծրագրի մշակում, գիտաժողովների, ամառային դպրոցների կազմակերպում, գիտության ոլորտում միջազգային կապերի ամրապնդում եւ վերջապես՝ գիտության կառավարմանն ուղղված բարեփոխումների իրականացում:

 

Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ ՀՀ համար շատ կարեւոր խնդիր է հայագիտության զարգացումը: Այս բնագավառում եւս որոշակի քաղաքականություն է տարվում: Ուսումնասիրվել են հայագիտության հարցերով զբաղվող մի շարք գիտական հիմնարկներ, որոնցից երկու կարեւորագույններին՝ Ցեղասպանության տուն-թանգարան եւ Մատենադարան, տրամադրվում են հավելյալ գումարներ՝ պայմանները բարելավվելու, երիտասարդներ հետազոտողներ ներգրավվելու համար եւ այլն:

 

Հանդիպման վերջում Ս. Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին