ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մրցույթ՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

06.06.2022

Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար կտրամադրվեն 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին:

Խմբի ղեկավարը պետք է արտերկրից տեղափոխվի և թեմայի իրականացման ողջ ընթացքում բնակվի Հայաստանի Հանրապետությունում: Խմբի ղեկավար կարող են լինել 1972 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձինք, որոնք չպետք է մրցույթի հրապարակմանը նախորդող 4 տարիների ընթացքում հանրագումարային առավելագույնը 12 ամիս ուսումնառած կամ աշխատած լինեն Հայաստանում, և որոնք գիտական աստիճանը ստացել են.

Շեմ 1՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո,

Շեմ 2՝ 2002 թվականի հունվարի 1-ից հետո։

Թեմաների ընտրությունը կատարվում է մրցութային խորհրդի կողմից՝ հիմք ընդունելով գիտական փորձագետների հաշվետվությունները։ Կարևորագույն չափորոշիչներից են թեմայի արդիությունը, արդյունքների ազդեցությունը Հայաստանի գիտության և տնտեսության զարգացման վրա, խմբի ղեկավարի գիտական գործունեության փորձն ու արժեքավոր ձեռքբերումները:

Մրցույթում հաղթած թեմաների գիտական աշխատանքները իրականացվելու են ընդունող կազմակերպություններում, որոնք կարող են լինել ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններ։

Խմբում ընդգրկված կատարողները կարող են լինել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, և թեմայի իրականացման ողջ ընթացքում Խմբի բոլոր անդամները պետք է բնակվեն Հայաստանում։ Մրցույթում հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը։ Այսպես՝ խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1987 թ. հունվարի 1-ից հետո և կարող են լինել բուհի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ։ Դեռ ավելին՝ թեման իրականացնելիս՝ 12 ամիս անց, խմբի ղեկավարը կարող է ընդլայնել թիմը մինչև 35 տարեկան 2 կատարողներով:

Խումբը պետք է ունենա արտերկրի Գործընկեր, իսկ երիտասարդ խմբի ղեկավարի դեպքում՝ նաև Խորհրդատու: Գործընկեր կարող են լինել համապատասխան մասնագիտությամբ արտերկրում աշխատող ակտիվ գիտնականներ, որոնք կպարտավորվեն թեմայի կատարման ընթացքում այցելել Հայաստան և ընդունել խմբի անդամներին համապատասպան արտասահմանյան գիտական հաստատություններում։ Թեմայի Խորհրդատու կարող է լինել ինչպես ՀՀ ընդունող կազմակերպությունից, այնպես էլ արտերկրի կազմակերպությունից:

Թեմայի կատարումից ակնկլալվող կարևորագույն արդյունքներից են առնվազն 10 գիտական հրապարակում ՄԳՇ ընդգրկված պարբերականներում, որոնցից առնվազն երկուսը՝ Q1 և առնվազն երկուսը՝ Q2 քառորդներում ընդգրկված ամսագրերում, իսկ Հայագիտության և Հումանիտար գիտությունների դեպքում՝ առնվազն 6 գիտական հրապարակում ՄԳՇ ընդգրկված պարբերականներում, որոնցից առնվազն մեկը՝ Q1 և առնվազն մեկը՝ Q2 քառորդներում ընդգրկված ամսագրերում, կամ մեկ Մենագրություն:

Հայտը լրացնում և ներկայացնում է Խմբի ղեկավարը՝ irf-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2022 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ (ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեից՝ հեռ.` 010-21-01-40 (*115/*116/*102), իսկ տեխնիկական հարցերով՝ հեռ. 010- 210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Մրցույթի պայմանները անգլերենով հասանելի են հետևյալ հղումներով՝

Շեմ 1 - https://irf-armenia.scs.am/documents/Launch_Armenia.pdf?new

Շեմ 2 - https://irf-armenia.scs.am/documents/Consolidate_Armenia.pdf?new