ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով Ծաղկաձորում

18.05.2010

Մայիսի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Սոլվատացիոն եւ իոնական էֆեկտները բիոմոլեկուլային ճանաչողության մեջ. տեսությունից դեպի էքսպերիմենտ» վերնագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի հիմնական կազմակերպիչներն էին Երեւանի պետական համալսարանը, Տիգրան Չալիկյանը (Տորոնտոյի համալսարան) եւ Գարիկ Պապոյանը (Հյուսիսային Կարոլինա):

Գիտաժողովին մասնակցում են ավելի քան տասը պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ, Ճապոնիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ռուսաստան, Իսրայել, Չեխիա, Հայաստան, Վրաստան, Թայվան եւ այլն: Հրավիրված են աշխարհահռչակ մասնագետներ՝ Ջենս Վոլկերը, Էդվին Դոնաթը, Կազու Ակասական, Ռոբերտ Բ. Մաքգրեգորը, Յուրի Նեչիպուրենկոն, Ռոլանդ Վինթերը, Հյու Սան Չանը եւ այլոք /ընդհանուր՝ 53 մասնակից/:


Հայազգի գիտնականներից գիտաժողովին մասնակցելու են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ակադեմիկոս Արմեն Գալոյանը,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, Ծովակ Ավագյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էմիլ Գեւորգյանը եւ այլոք:

 

Գիտաժողովի հիմնական նպատակը գիտական նոր կապերի, համագործակցության հաստատումը եւ համատեղ ծրագրերի իրականացումն է: 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ Հայաստանում ֆիզիկան այսօր գիտության ոլորտում համեմատաբար լավ վիճակում է, եւ հենց դա էլ նպաստում է, որ Հայաստանում անցկացվեն բազմաթիվ գիտաժողովներ. «Համապատասխան վարկանիշ չունեցող երկիրը հյուրեր չի ունենում: Գիտաժողովների հաճախակի անցկացումը վկայում է, որ չնայած Հայաստանում գիտությունը ծանր վիճակում է, այնուամենայնիվ, մենք ունենք լավ գիտնականներ, որոնց շնորհիվ մեզ ճանաչում են»: 

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Յուրի Նեչիպուրենկոյի կարծիքով, գիտաժողովն արդյունավետ է հենց միայն նրանով, որ հավաքվել է տվյալ ոլորտում աշխարհի ամենահայտնի գիտնականների մի մասը. «Այստեղ իշխում է գիտական բարձր մակարդակի եւ մարդկային հարաբերությունների եզակի համադրությունը»:


Պարոն Հարությունյանն ակնկալում է, որ գիտաժողովից հետո կունենանք դրամաշնորհային ծրագրեր ասպիրանտների, մասնագետների փոխանակման, ինչպես նաեւ համագործակցության այլ ոլորտներում, կկնքվեն նաեւ նոր պայմանագրեր: 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին