ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայտարարվել է հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

01.06.2021

Գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Սա ՀՀ  ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թ. օգոստոսի 24-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող երրորդ մրցույթն է, որի  նպատակն է խթանել երկու երկրների գիտական  կազմակերպությունների և բուհերի միջև համագործակցային կապերը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գիտական նախագծերի իրականացմանն աջակցություն տրամադրելու միջոցով, օժանդակել երիտասարդ գիտնականների շարժունության բարձրացմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել համատեղ գիտական խմբերի՝ ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցության համար: Հայտերի գիտական փորձաքննության ընթացքում, ի թիվս այլ չափանիշների, գնահատվելու են   ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի ուղղություններին համապատասխանությունը և վերջինիս մասնակցելու հեռանկարները:

Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  • Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ սննդի տեխնոլոգիաներ և սննդի անվտանգություն),
  • Կենսատեխնոլոգիա և կիրառական նշանակության բժշկագիտական հետազոտություններ,
  • Ճգնաժամերի կանխմանը և ճգնաժամերի կառավարմանը նվիրված հետազոտություններ (ներառյալ՝ սոցիալական, առողջապահական և տնտեսական հարցադրումներ, ռիսկերի գնահատում և ռիսկերի կառավարում),
  • Հասարակագիտական և հումանիտար հետազոտություններ՝ միջգիտակարգային հետազոտություններ:

Մրցույթին կարող են ներկայացվել նաև հայտեր, որոնք համապատասխանում են «Եվրոպական Կանաչ գործարք» նախագծի առաջնահերթություններին (նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://ec.europa.eu/info/strategy/priorities-2019-2024/european-green-deal_en կայքէջից):

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայտերը ներկայացվում են ՀՀ և ԳԴՀ գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայաստանյան խմբում կարող են  ընդգրկվել  4-ից 10 անդամներ:  Նախատեսվում է տրամադրել 12 կամ 24 ամիս տևողությամբ մինչև տասը դրամաշնորհ:

Հայտերն ընդունվում են Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.scs.am)՝ մինչև 2021  թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

 

Մրցույթի հրավերի փաթեթը